Կենսաբանության առցանց առաջադրանք (25-29)

Կենսաբանության առցանց առաջադրանք (18-22)

Ձկներ

Ձկները ջրային սառնարյուն կենդանիներ են. ունեն ոսկրային կմախք, խռիկներ ու լողակներ: Ծովային ձկների մեծամասնությունը, որպես կանոն, ապրում է ափամերձ ծանծաղուտներում կամ բաց օվկիանոսի մակերեսային շերտերում:

 

Արագալող ձկների (օրինակ՝ թյունիկի) մարմինը երկարավուն է, ունի շրջահոսելի և ծայրերում կրճատվող ձև, իսկ պոչային լողակը մանգաղաձև է:

 

Դանդաղալողների (օրինակ՝ ծածանի) մարմինն ավելի կլորավուն է, իսկ պոչային լողակը՝ թեթևակի երկարած: Որոշ տեսակներ ապրում են ծովի հատակին (կատվաձկներ, տափակաձուկ): Նրանց մարմինը տափակ է, գույնը՝ միջավայրի ընդհանուր գունավորմանը համահունչ: Մի մասը լողում է դանդաղ, և նրանց նկատելը դժվար է: Ձկան շարժողության օրգանը պոչն է, որի ոլորապտույտ (զիգզագաձև) շարժումների շնորհիվ ձուկն այս ու այն կողմ է լողում: Միայն առանձին տեսակներ են շարժման համար օգտագործում  կրծքային լողակները, որոնք սովորաբար հարմարված են հավասարակշռությունը պահպանելուն, մարմնի կայուն դիրքն ապահովելուն կամ շարժումներն արգելակելուն: Նույնիսկ լիովին անշարժ դիրքում ձկները երբեք չեն սուզվում ջրի հատակը, քանի որ մեծամասնությունն ունի օդով լցված լողափամփուշտ, որն ապահովում է լողունակությունը: 

 

Ձկները կազմում են ողնաշարավոր կենդանիների գրեթե կեսը (43 հզ. տեսակ):

 

ՀՀ ջրավազաններում հայտնաբերված է ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի (բալիտորաձկներ, լոքոյաձկներ, ծածանաձկներ, ծականաձկներ, կատվալոքոներ, պեցիլային ձկներ, սաղմոնաձկներ, սիգաձկներ և ցլիկաձկներ) 34 ցեղի 39 տեսակ, որոնցից 36-ը գետերի բնակիչ են, սակայն կարող են բնակվել նաև լճերում, ջրամբարներում: 3 տեսակը` իշխանը, սիգը, Սևանի բեղլուն, հանդիպում են միայն Սևանա լճում, երբեմն՝ նրա մեջ թափվող գետակներում: Արարատյան դաշտի և մի շարք այլ ձկնատնտեսություններում աճեցվում են ծածան, սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ ու խայտաբղետ հաստաճակատներ և այլն: Ձկների շատ տեսակներ (սիգ, բեղլու, ճանար և այլն) ունեն ձկնարդյունագործական նշանակություն, իսկ որոշ տեսակներ (հայկական կարմրակն, թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն) մարզական որսի օբյեկտներ են: Կարմրախայտի որսն արգելված է:

 

Հայկական կարմրակնը, իշխանը և Սևանի բեղլուն ՀՀ բնաշխարհիկներ են: Վերջին 2-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

 

 

Ձկների բազմացումը

Ձկների որոշ տեսակներ բազմանում են կենդանածնությամբ, մեծամասնությունը՝ ձկնկիթ դնելով (ձուղպադրություն). երբեմն կատարում են հեռավոր գաղթ (օրինակ՝ սաղմոնը, օձաձուկը): Ձկների մեծամասնության էգը դնում է հսկայական քանակությամբ ձկնկիթ, որը բեղմնավորվում է, որպես կանոն, ձկան օրգանիզմից դուրս (արտաքին բեղմնավորում): Սովորաբար, ձկները, բացառությամբ քիչ քանակությամբ ձկնկիթ դնող որոշ տեսակների, սերունդներին չեն խնամում: Քաղցրահամ կամ ծովերի առափնյա ջրերում ապրող ձկները ձկնկիթը դնում են ջրի հատակին, որտեղ բույսերի մեջ այն թաքցված է թշնամիներից: Բաց ծովային տարածքներում ապրող ձկների ձկնկիթը շատ մանր է և ազատ լողում է ջրում: Ձկնկիթից դուրս եկած մանրաձկները դառնում են պլանկտոնի մի մասը, որով սնվում են բազմաթիվ կենդանիներ, այդ պատճառով էլ նրանցից քչերն են գոյատևում:
 
Ձկների սնունդը
Քաղցրահամ ջրերի ձկները սնվում են տարբեր կերերով՝ ջրային բույսերով, խխունջներով, որդերով, միջատներով և նրանց թրթուրներով, ինչպես նաև այլ ձկներով: Որոշ ձկներ (օրինակ՝ երկայնաձուկը) ջրի հատակից հավաքում են տիղմը և զատում նրա մեջ ապրող օրգանիզմները: Այդպիսի ձկներին անվանում են դետրիտակերներ:
Բաց ծովերում ապրող ձկների մեծամասնությունը գիշատիչ է. սնվում է տարբեր կենդանիներով՝ մանր ծովախեցգետիններից մինչև այլ ձկնատեսակներ: Որոշ տեսակներ (օրինակ՝ կետանման շնաձուկը) հարմարվել են պլանկտոններով սնվելուն: Շնաձուկը բերանը լիքը լցնում է ջրով, ապա փակում այն և խռիկային անցքերով ջուրը դուրս մղում, իսկ խռիկային աղեղների հատուկ արտացցվածքների օգնությամբ զտված պլանկտոնը կուլ է տալիս: Ծովերում, մեծ խորություններում, ապրում են արտասովոր արտաքինով ձկներ: Նրանք ունեն մեծ բերան ու ատամներ և կարող են կուլ տալ չափերով իրենցից ավելի մեծ որսի: Բայց նրանք հազվադեպ են սնվում, քանի որ մի քանի ամիսը 
մեկ անգամ է հաջողվում որս անել:
 
 

Փափկամարմիններ

Download
Papkamarminner.pptx
Microsoft Power Point Presentation 478.1 KB

Խաղ «Կենսաբանություն»

Download
kensabanutyan xax.pptx
Microsoft Power Point Presentation 813.6 KB